Բովանդակության բացակայությունը մահացու մեղք է, բայց ոչ երբեք առանց շտկելու հնարավորության․ թեպետ որքան ժամանակային անբանությունը մեծ է, ուղիղ համեմատականորեն աճում է նաեւ վճարվելիք գինը ուշացմամբ ձեռքբերովի խնդրո եւ ծիծաղի վերոհիշատակյալ առարկայի դիմաց։
Բովանդակության բացակայությունը մասնավոր իմաստով է միայն մոտ դատարկութանը․ բնությունը չի հանդուրժում դատարկություն, հետեւաբար՝ մտքից ազատ տարածությունը ջանալու է լցնել ամեն տեսակ աղբով, հաճախ՝ ստրկամտությանը նմանվող մի զանգվածով, որ այլ հավասար պայմաններում կկանխորոշեր գիտակից մարդու անցումը ավելի պարզ գոյության ձեւերի․ ընտրության հնարավորությունը մեծ է՝ քորդավորից մինչեւ արմատոտանի ամեոբա։
Բայց քանի որ այլ հավասար պայմաններ չկան, մենք քարշ ենք տալիս խղճուկ մեր գոյությունը՝ տեղ-տեղ չնկատելով ինքնանվաստացման իներցիան ու մեր գոյության խայտառակ անօգուտությունը․ ես ինձ մեծահոգաբար դասում եմ ձեր շարքին՝ ապագայում խուսափելու համար սնոբ, ֆաշիստ, մեծամոլությամբ տառապող հիվանդ կաղապարներից, թեպետ ինչ մեղքս թաքցնեմ, ես ավելի հումանիստ եմ, քան պատվախնդիր։
Երկար նախաբանից հետո ինձ իրավունք եմ վերապահում (եւ լավ էլ անում եմ, ինչ մեղքս թաքցնեմ նույն տեքստում երկրորդ անգամ) ձեզ հարցնելու՝ դուք ձե՞ւ եք, թե՞ բովանդակություն։ Թե դրանց կատարյալ բացակայությունը։ Նորման եւ պաթոլոգիան իրարից տարբերվում են հիմնականում ինքնաքննադատության առկայությամբ եւ կամ դրա համառ բացակայությամբ։ Հետեւաբար՝ զգույշ եղեք հարցին պատասխանելիս։
Եթե բովանդակություն եք, կացեք ձեր գործին եւ ներողամտությամբ վերաբերեք պատանի նատուրալիստի իմ կոմպլեքսին, տեքստին այս կերպ մոտենալու լկտիությանս, խեղկատակի հնչերանգիս եւ այլ համանման բաների։ Եւ հիշեք, խնդրեմ, իմ բանջարը ձեր հանճարին վնաս չէ։
Եթե ձեւ եք՝ արվեստոտ, գրքասեր, զգայուն, էմպատիկ, հասկացող, չմեղադրող, սիրուն քիթ-մռթով, լաքով դզած մազ-մորուքով, բառերի արանքում կես ժամ կոգնիտիվ ֆունկցիան խիստ արտահայտող պաուզաներով, ձեր ցանկալիության ձեռից վերբալ (օռալը միայն տաղանդավորների մենաշնորհն է) կրակն ընկած, այլ չափազանց լուրջ ածական-որոշիչներ (ածականը խոսքի մաս է, որոշիչը՝ նախադասության անդամ)՝ սկզբից ավելացրած «փսեւդո» արմատային մորֆեման, ապա շնորհավորում եմ՝ վերջին նախադասությունը համարյա չհասկանալու անհամ առիթով։ Իսկ եթե հոգատարությամբ փորձեմ անջատել մեր բարեկամ հոգեթերապեւտների ասած՝ ագրեսիան` ձեր նկատմամբ, ապա կստացվի․
1. Մեր խոսքը մենք ենք ավելի, քան մեր դիմագծերը, քայլքը, մաման ու պապան, բայց հատկապես մամայի մութ կողմը, քրաշները կամ քրաշուհիները (ես ձեր չափ ոլորտից բանիմաց չեմ, ներող եղեք), բանանն ուտելու ձեւը կամ այլ վեգետատիվ համախտանիշներ։ Մեր խոսքը մենք ենք՝ սկսած բառընտրության ձեւից, շարահյուսական կապերից, շեշտադրությունից ու հայու գենին բնորոշ ողջ դրամատիզմ-պաթոսից կամ դրա բացակայությունից։ Ավելի պարզն ասած՝ եթե կես ժամ ծամծմած բանավոր տեքստի ողջ բովանդակության հաշվարկելի դիապազոնը չի գերազանցում հինգ բառի սահմանը, ապա ողբալի է։ Եւ հաշվի մեջ չեն, հարգելի սիրելիներ, օտար լեզունների ձեր գերազանց հմտությունները․ հավատացեք՝ դժվար է գտնել օտար որեւէ լեզվի գերազանց տիրապետող մեկին (գերազանցը միամիտ չլինեք կարծելու, թե մոտ է նրան, ինչ դուք գիտեք), ով ողբալի վատ գիտի իր մայրենին։ Հետեւաբար՝ աշխատեք ձեր խոսքի բովանդակության, բովանդակության հարստության, ճիշտ բառընտրության, շեշտերի եւ գեղեցկության վրա։ Այլ հավասար պայմաններում կարող եք խնդրել, որ դրկից-բարեկամները կտրեն խնդրո առարկան՝ ի նշան իրենց նյարդերի նկատմամբ հարգանքի․ տարբերությունը մեծ չի լինի, հուսամ՝ հասկանում եք։
-ԲԱ ՈՒՐԻ՞Շ։
-ՏԵՆՑ ԲԱՆԵՐ, ԿՅԱՆՔ։
2. Սովորեք կարդալ։ Կրկնում եմ՝ սովորեք կարդալ, եւ ավարտում եմ նախադասությունը։
3. Սովորեք կասկածել․ հիմնականում ոչ թե առերես ժպիտին, հիացմունքին, շողոքորթող խոսքին, այլ ավելի հաճախ ձեզ, եթե ազդվում եք դրանցից եւ շոյվում կատվիկի պես։ Կասկածեք ուրեմն այն գնի հարցում, որով ձեզ փորձում եք վաճառել․ շապիկին կարող եք ամրացնել պիտակ՝ «ՍԱԿԱՐԿԵԼԻ» մակագրությամբ։ Հիմա խորը շունչ քաշեք, անցյալում թողեք ձեր խոնարհ ծառայի նկատմամբ կուտակված ողջ արհամարանքն ու ատելությունը եւ թույլ տվեք, դե, իհարկե, մեծահոգաբար, շարունակել այս անպտուղ ճառը։ Կասկածեք գաղափարներին, ձեր իմաստնությանը, ադեկվատությանը, ճշմարտացիությանը, գնահատականներին, ցանկություններին, հավաքական մի շարք այլ գոյականների․ ֆանատիզմը դատարկության նախավերջին մոհիկանն է եւ էկզիստենցիալ տանատոսի ընդունող դարպասը։
4. Մեղավորներ մի փնտրեք լուսնատակ այս աշխարհում, բայց եւ չափը չանցնեք ինքներդ ձեզ մեղադրելու դյուրին գործում։ «Ֆենսի» ծնողները, մարդիկ, իրերը եւ հանգամանքները, եղանակը, նույնիսկ «ֆենսի» Աստված (ներեցեք ձեր Աստծո անունը զուր տեղը տալու համար) երբեք պատասխանատու չեն վատ ստացված եղունգների լաքի կամ աղետալի սեքսի համար․․․ օ՜, ներողություն եմ խնդրում, հենց միայն նրանք են մեղավոր։ Մեղավորների մասին, թեպետ, կարող եք արխային խոսել ձեր հոգեթերապեւտի տեմենոսում, որ խեղճ հարիֆը հասկանա՝ որտեղ է թաքնված շան գլուխը։ Նորից խորը շնչեք։ Շարունակենք։ Ձեր կյանքում կատարվող ամենայն լավի, վատի, միջինի համար միակ պատասխանատուն դուք եք։ Դուք միայն պատասխանատու չեք ուրիշների հիմարության համար։ Դա արդեն ուրիշ կինո է։ Հիշեցնում եմ՝ նորմա, պաթոլոգիա եւ այլ համանման կլինիկական տերմինաբանություն։
5. ԽՈՍԵՔ ՑԱԾՐԱՁԱՅՆ, ինքնամոռաց խնդրում էր Հովսեփ Ալեքսանդրի Բրոդսկին։ Ենթադրում եմ՝ ոչ որովհետեւ ուներ թմբկաթաղանթի բորբոքում կամ կտրել էր, վաբշե, զույգ ականջները, այլ որովհետեւ տարրական հարգանքը սկսում է արդեն իսկ ասված հոգատարությունից՝ դիմացինի՝ թեկուզ եւ լսողության առնչությամբ․ փոքր ականջները խելքի ու ազնվականության նշան են ( չափը կարեւոր չէ, գիտեմ, կարեւորը հոգին է ու տաղանդը), իսկ փոքր ականջներով խելացի եւ կապտարյուն մարդիկ վստահաբար ակտիվորեն տրաքում են անհարկի գոռոցներից, որոնց միակ նշանակությունն է՝ լսեք ինձ, ես դրա կարիքն ունեմ․ խնայեք նրանց։
6. Վեհը, գեղեցիկն ու ազնիվը, նաեւ հավատարմությունը սովորեք երեխաներից․․․ նրանք, ավելի քան որեւէ մեկն այս՝ դեռ լուսնատակ աշխարհում, տեսնում են իրերը՝ ըստ էության եւ գոյության կեղտոտ կռվին մասնակցությունից պաշտպանված են։
7. Պաշտպանեք ձեր երեխաներին գոյության կեղտոտ կռվին մասնակցելու հեռա կամ մոտա նկարից․ վստահեք նրանց խելքին, տաղանդին, իմաստությանը, անգամ՝ ագրեսիային, ջղայինությանն ու չարությանը։ Դուք ո՞վ եք նրանց դիմաց։
Յոթը լավ թիվ է։ Աստված հանգստացավ յոթի վրա։ Ամենայն բարիք ու մինչ հաջորդ բարոյախրատական շաղակրատանքի նման մի տարափ։ «May the Force be with you»։
Գրությանհետ՝ ակնկալում եմ Ձեր մետամարդկային մեծահոգությունը՝ տեքստի առնչությամբ եւ, առհասարակ, իմ առնչությամբ։ Ստում եմ ստորաբար․ ոչինչ չեմ ակնկալում։ Գրկում եմ բոլորիդ։ Չհանձնվեք։ Ասողին լսող պետք չէ, եւ ասվածն էլ լսելու համար չէ։